Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին պատասխանում էին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը: Պատասխանելով ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ Վարդան Պողոսյանը հաստատեց, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի դրույթը կարգավորվելու է Ընտրական օրենսգրքով և «կայուն մեծամասնություն» հասկացությունը մնալու է նոր սահմանադրության նախագծում: Ըստ հրապարակված նախագծի, եթե ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն թվով ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Այս դրույթը քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի և ընդդիմության կողմից։